National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.02.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը
1 / 10

Խորհրդարանը փետրվարի 8-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է  Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Սարգիս Խանդանյանը 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է: Թեկնածուն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար է եւ Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական հարցերի հանձնաժողովի համանախագահ:

«Վստահ եմ, որ պարոն Խանդանյանն այս պաշտոնում լավագույնս կիրականացնի հանձնաժողովի նախագահից բխող լիազորությունները եւ բոլոր պարտականությունները»,- եզրափակել է իր խոսքն Արթուր Հովհաննիսյանը:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը` հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն առաջադրելու համար: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել նաեւ հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Աղաջանյանին` նախորդ մեկուկես տարվա ընթացքում մեր երկրի համար բարդ շրջափուլում հանձնաժողովը ղեկավարելու իր պարտականությունները լավագույնս կատարելու համար:

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարեւոր դերակատարում ունի խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից: Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու, մեր երկրի ասելիքը եւ արտաքին քաղաքականությունն առավել ընկալելի ու տեսանելի դարձնելու համար կարեւոր է շարունակել ակտիվորեն օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը եւ այդ հարցում լինել առավել նախաձեռնողական»,- նշել է զեկուցողը:

Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ հանձնաժողովի եւ, ընդհանրապես, խորհրդարանական դիվանագիտության հրատապ անելիքների մասին, անդրադարձել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ներկայացրել դրանց վերաբերյալ իր պատկերացումները:

Եզրափակելով խոսքը` Սարգիս Խանդանյանը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում, ինչպես միշտ, այժմ էլ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է ՀՀ պետական շահերի, անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով եւ փորձելու է լինել հնարավորինս նախաձեռնող եւ հաշվետու:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին. դրանք վերաբերել են հանձնաժողովի գործունեությանը, այլ մարմինների հետ համագործակցության ակտիվացմանը, ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ԼՂ խնդրի կարգավորմանը եւ այլն:

«Այսօր ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը, ԼՂ-ի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության իրականացումը եւս գալիս են փաստելու, որ մենք պետք է առաջին հերթին կայուն երաշխիքներ ստեղծենք ԼՂ-ի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման համար»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am